Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք և Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։
Ա Կորնթ․ 3։16
Այո, մենք Սուրբ Հոգու տաճար ենք, իսկ ի՞նչ է արվում տաճարում. նայենք Աստծո Խոսքին․
Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք` որպես հոգևոր տաճար, սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։
Ա Պետրոս 2։5
Այսօր ես և դու ի՞նչ պատարագ ենք մատուցում մեր տաաճարից։ Եկեք խորհենք մի պահ․ երբ աղոթում ենք, գալիս ենք Տիրոջ ներկայության մեջ,
ի՞նչ է դուրս գալիս մեր ներսից՝ բողո՞ք, տրտու՞նջ, հոգու կարի՞ք, թե՞ երկրպագություն։ Ի՞նչ պատարագ ենք մատուցում մեր տաճարում։ Եթե գերակշռող մասը կազմում է կարիքը, բողոքը, ոչինչ էլ չի փոխվի մեր կյանքում։ Բայց երբ մեր պատարագը փոխվի երկրպագության, մեծարանքի, մենք կտեսնենք, որ ամեն բան կփոխվի։
Այո, շատ դժվար է կանգնել ու երկրպագել Աստծուն, երբ մարդն անցնում է փորձություններով, մահվան վտանգով։ Բայց, երբ հասկանում ենք,
թե մեր Աստվածն Արարիչն է, ամենակարողն է, ամենագետն է, ամենատեսն է, ամենագոյն է և մեր Հայրն է, մեզ այլևս ուրիշ բան չի մնում անել, այլ միայն նրա առջև խոնարհվել և երկրպագել՝ ասելով "Տեր, անկախ իմ իրավիճակից Դու Սուրբ ես"։
Դժվարության մեջ բարձրացված երկրպագությունը ճեղքում կբերի մարդու կյանքի մեջ։
Աստծուն երկրպագելը և պաշտելը մեր որոշումն է։
Եթե որոշում ես կայացնում, անկախ իրավիճակից պաշտել քո Տեր Աստծուն, քո տաճարից միշտ երկրպագության պատարագ դուրս կգա և քո աղոթքները կլցվեն նրա ներկայությամբ և վայելքով։
Ես որոշել եմ` անկախ իմ իրավիճակներից,անկախ նրանից, թե ինչով է Տերը թույլ տալիս, որ անցնեմ, միևնույն է, երկրպագելու ու պաշտելու եմ Նրան, մեծարելու եմ Նրա Սուրբ անունը, իսկ դու՞։