ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Ամեն կիրակի ժամը 10:30 սկսում ենք ծառայությունը աղոթքով, այնուհետև՝ ժամը 11։00-ին կունենանք կիրակնօրյա ծառայություն:
Աստծո մարդիկ
Չարլզ Հադդոն Սպերջենը 19-րդ դարի ամենաազդեցիկ քրիստոնյա քարոզիչներից մեկն էր, որին անվանում էին «Քարոզիչների իշխան»։ Նրա կյանքն ու ծառայությունը առանձնանում էին ոչ միայն հզոր քարոզներով, այլև աղոթքի հանդեպ նվիրվածությամբ, աստվածաբանական կրթության զարգացման և կարիքավորներին օգնելու մեծ աշխատանքով։ Առանց համալսարանական աստվածաբանական կրթության՝ նա ընդամենը 19 տարեկանում արդեն հովվական ծառայություն էր անում Լոնդոնում, իսկ 23 տարեկանում նրա քարոզները լսելու էին հավաքվում տասնյակ հազարավոր մարդիկ
Չարլզ Սպերջենը ծնվել է 1834 թվականի հունիսի 19-ին, Անգլիայի Քելվեդոն բնակավայրում՝ քրիստոնեական ընտանիքում։ Նրա հայրն ու պապը հոգևոր սպասավորներ էին։ Մանկության տարիներին նա շատ էր կարդում, ուսումնասիրում Աստվածաշունչն ու քրիստոնեական գրականությունը։ Նրա կյանքի շրջադարձային իրադարձությունը տեղի ունեցավ 1850 թվականի հունվարի 6-ին։ Այդ օրը 15-ամյա Սպերջենը ձնառատ եղանակի պատճառով մտավ Քոլչեսթերի փոքրիկ մեթոդիստական աղոթատներից մեկը։ Նախատեսված քարոզիչը չէր ներկայացել, և նրան փոխարինում էր եկեղեցու անդամներից մեկը։ Քարոզի հիմքում Եսայի 45։22 համարն էր՝ Աստծուն դառնալու և փրկություն գտնելու կոչը։ Սպերջենը հետագայում վկայում էր, որ հենց այդ ծառայության ընթացքում հասկացավ Ավետարանի պատգամը և հավատքով դիմեց Հիսուս Քրիստոսին։ Մարդը, որի քարոզները հետագայում լսելու էին տասնյակ հազարավոր մարդիկ, իր հոգևոր դարձն ապրել էր փոքր եկեղեցում՝ լսելով ոչ այնքան հայտնի քարոզչի պարզ պատգամը։ Նույն թվականի մայիսին Սպերջենը մկրտվեց, իսկ արդեն 16 տարեկանում սկսեց քարոզել։
1852 թվականին՝ 17 տարեկան հասակում, Սպերջենը դարձավ Ուոթերբիչի բապտիստական համայնքի հովիվը։ Երկու տարի անց նրան հրավիրեցին Լոնդոնի New Park Street Chapel եկեղեցի։ Այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր։ Նրա քարոզները գրավում էին բազմաթիվ մարդկանց։ Լսարանն այնքան արագ մեծացավ, որ եկեղեցու շենքն այլևս չէր կարողանում տեղավորել բոլոր այցելուներին։
1857 թվականի հոկտեմբերի 7-ին Սպերջենի քարոզը Լոնդոնի Crystal Palace-ում, որտեղ հավաքվել էր մոտ 23.000 մարդ
1857 թվականի հոկտեմբերի 7-ին Սպերջենը քարոզեց Լոնդոնի Crystal Palace-ում, որտեղ հավաքվել էր մոտ 23,654 մարդ։ Այդ ամենը տեղի էր ունենում մի ժամանակաշրջանում, երբ դեռ գոյություն չունեին ժամանակակից ձայնային համակարգերն ու բարձրախոսները:
1861 թվականին բացվեց Metropolitan Tabernacle եկեղեցու նոր՝ շուրջ 6,000 տեղանոց շենքը, որտեղ Սպերջենը շարունակեց ծառայել մինչև կյանքի վերջը։
Նրա քարոզների կենտրոնում Հիսուս Քրիստոսն էր՝ Նրա խաչելությունը, հարությունը, ապաշխարությունն ու Աստծո շնորհով փրկությունը։ Սպերջենը համոզված էր, որ քարոզչի գլխավոր նպատակը ոչ թե մարդկանց հիացնելն է, այլ նրանց Աստծո Խոսքը փոխանցելը։
Աղոթքը՝ նրա ծառայության կարևոր մասը
Չնայած իր մեծ ճանաչմանը՝ Սպերջենը չէր կարծում, որ եկեղեցու հաջողությունը կախված է միայն քարոզչի տաղանդից կամ կազմակերպչական կարողություններից։ Նա հատկապես կարևորում էր անձնական և միաբան աղոթքը։ Նրա առաջնորդած Metropolitan Tabernacle եկեղեցում պարբերաբար կազմակերպվում էին աղոթքի հավաքույթներ, որոնց մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ։
Սպերջենի հիմնած Stockwell Orphanage որբանոցը
1865 թվականի հունվարի 2-ին Լոնդոնում տեղի ունեցած միասնական աղոթքի հավաքույթին մասնակցեց շուրջ 6,000 մարդ։ Սպերջենը հավատացյալներին սովորեցնում էր աղոթքի համար առանձին ժամանակ հատկացնել՝ չթողնելով այն միայն ազատ րոպեներին։
1874 թվականի «Աղոթքի խոչընդոտները» քարոզում նա առաջարկում էր մեկ շաբաթ հետևել, թե օրվա ընթացքում որքան ժամանակ են հատկացնում աղոթքին։
Նա հարցնում էր.
«Շատ ժամեր եք անցկացնում մարդկանց հետ, իսկ որքա՞ն՝ ձեր Արարչի։ Երկրային ընկերների հետ ժամանակ եք անցկացնում, իսկ քանի՞ րոպե՝ ձեր երկնային Բարեկամի»։
Նա ասում էր.
«Աղոթքը շարժում է այն բազուկը, որը շարժում է աշխարհը»։ Սպերջենի համար աղոթքը պարզապես կրոնական պարտականություն չէր։ Այն Աստծո հետ կենդանի հաղորդակցության արտահայտություն էր։ Նա կարևորում էր թե՛ առանձնացված աղոթքի ժամանակը, թե՛ օրվա ընթացքում Աստծուն շարունակաբար դիմելը։ Իր քարոզներից մեկում նա նաև ասում էր. «Ոչ մի վիշտ այնքան փոքր չէ, ոչ մի փորձություն՝ այնքան ծանր, ոչ մի ժամ՝ այնքան վաղ, և ոչ մի պահ՝ այնքան ուշ, որ հնարավոր չլինի աղոթել»։ Այս խոսքերն այսօր էլ քաջալերում են հավատացյալներին աղոթքը դարձնել իրենց ամենօրյա կյանքի անբաժանելի մասը։
Սպերջենի գործունեությունն ընդգրկում էր նաև կրթությունն ու բարեգործությունը։
1850-ականներին նա սկսեց հովիվների պատրաստման նախաձեռնություն, որը հետագայում դարձավ հովիվների քոլեջ։ 1867 թվականին հիմնեց Stockwell Orphanage որբանոցը՝ նպաստելով որբ երեխաների խնամքին և կրթությանը։
Սպերջենի առաջնորդած Metropolitan Tabernacle եկեղեցու դահլիճը
Նրա կինը՝ Սյուզաննա Սպերջենը, նույնպես ակտիվորեն մասնակցում էր քրիստոնեական ծառայությանը՝ հատկապես օգնելով ֆինանսական դժվարություններ ունեցող հովիվներին անհրաժեշտ գրքեր ձեռք բերել։
Սակայն Սպերջենի կյանքը միայն հաջողությունների պատմություն չէր։
1856 թվականի հոկտեմբերի 19-ին Surrey Gardens Music Hall-ում նրա քարոզի ժամանակ կեղծ ահազանգի հետևանքով առաջացավ խուճապ, որի ընթացքում զոհվեց յոթ մարդ։ Դեպքը խորապես ազդեց 22-ամյա քարոզչի վրա և երկար ժամանակ ծանր ապրումների պատճառ դարձավ։
1887 թվականին Սպերջենը դուրս եկավ Բապտիստական միությունից՝ համարելով, որ դրա որոշ շրջանակներում վտանգվում են քրիստոնեական հիմնարար վարդապետությունները։ Չնայած փորձություններին՝ նա շարունակեց իր ծառայությունը և մինչև կյանքի վերջը հավատարիմ մնաց իր աստվածաբանական համոզմունքներին։
Սպերջենի քարոզները կանոնավոր կերպով տպագրվում էին դեռևս 1855 թվականից և տարածվում Մեծ Բրիտանիայում ու դրա սահմաններից դուրս։ Նրա թողած գրական ժառանգությունը ներառում է քարոզների 63 հատոր և ավելի քան 135 գրքային հրատարակություն։ Առավել հայտնի աշխատություններից են «Դավթի գանձարանը» (The Treasury of David)՝ Սաղմոսների մեկնությունը, «Դասախոսություններ իմ ուսանողներին» (Lectures to My Students) և «Առավոտ և երեկո» (Morning and Evening) հոգևոր ընթերցումների ժողովածուն։ Սպերջենը մահացավ 1892 թվականի հունվարի 31-ին, Ֆրանսիայի Մենտոն քաղաքում, 57 տարեկան հասակում։ Նա թաղվեց Լոնդոնում։ Նրա քարոզներն ու գրքերը մինչ օրս հրատարակվում, թարգմանվում և ուսումնասիրվում են տարբեր երկրներում։
Չարլզ Սպերջենին հիշում են ոչ միայն նրա մեծ լսարանների կամ բազմաթիվ գրքերի համար, այլև Աստծո Խոսքի հանդեպ ունեցած հավատարմության, Ավետարանի քարոզչության և աղոթքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի շնորհիվ։ Նրա կյանքը ցույց է տալիս, որ հոգևոր ծառայությունը պահանջում է պատրաստվածություն, հետևողականություն և Աստծուց կախվածության գիտակցություն։ Սպերջենի թողած կարևորագույն հիշեցումներից մեկն էլ աղոթքին ժամանակ հատկացնելու անհրաժեշտությունն է։ Մենք կարող ենք օրն ամբողջությամբ լցնել աշխատանքով, ուսմամբ, հանդիպումներով և նույնիսկ եկեղեցական ծառայությամբ, բայց դրա ընթացքում չառանձնացնել ժամանակ Աստծո հետ անձնական հաղորդակցության համար։ Սպերջենն իր կյանքով ու ուսուցումներով քաջալերում է վերանայել մեր առաջնահերթությունները՝ Աստծո Խոսքի ուսումնասիրությունն ու աղոթքը դարձնելով ոչ թե պատահական զբաղմունք, այլ ամենօրյա կյանքի գիտակցված մաս։ Նրա կյանքն ու ծառայությունը շարունակում են հիշեցնել, որ քրիստոնյայի իրական ուժը միայն իր կարողությունների մեջ չէ, այլ Աստծուն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու մեջ։